Ավինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման գործուն քայլեր են ձեռնարկվում

Ավինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման գործուն քայլեր են ձեռնարկվում

PanARMENIAN.Net - Նախկին փոխվարչապետ, ԱՆԻՖ-ի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վերջապես գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։

«Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։

ՀՀ վարչապետի, կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։

Մեծ ծրագրերը դեռ առջևում են»,-ասվում է գրառման մեջ։

2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։ Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարում էր, որ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է տեղակայել կամրջի վրա, որը կկառուցվի Հրազդան գետի վրա։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ էր նախատեսում` «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրային կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակֆոնդի թարմացում։

Քաղաքային իշխանությունները նախատեսում էին, որ մինչև նոր կայարան ընկած 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցներ թունելով, որի շինարարությունը սկսվել էր դեռ ԽՍՀՄ տարիներին և անավարտ մնացել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---