Չախոյանը՝ վրաերթի մասին․ Վարչապետը տեղյակ չի եղել՝ կոնկրետ ինչ է կատարվել, հրահանգել է շտապ օգնություն կանչել

Չախոյանը՝ վրաերթի մասին․ Վարչապետը տեղյակ չի եղել՝ կոնկրետ ինչ է կատարվել, հրահանգել է շտապ օգնություն կանչել

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ապրիլի 27-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետին ուղեկցող ավտոմեքենաներից մեկի կողմից հղի կնոջ վրաերթին,, պարզաբանել է, թե ինչու մեքենաները չեն կանգնել և օգնություն ցուցաբերել կնոջը։

Պատահարը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում՝ շատերը հարցնում են, թե ինչու ՃՈ ուղեկցող գումարտակի ծառայողները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն կանգնել և փորձել օգնություն ցուցաբերել կնոջը։ Այս հարցերը քննարկումների առարկա են դարձել նաև համացանցում։

Նա նշել է, որ վարչապետը տեղյակ չի եղել և չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել։

«Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա: Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երևացել ու չէր կարող երևալ: Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց: Այսինքն՝ բուն վրաերթից 150 մետրն նցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել և չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել: Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է «Շտապ օգնություն» կանչել և պարզել ինչ է տեղի ունեցել: Շտապ օգնությունը ժամանել է րոպեներ անց: Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետն իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին»,-գրել է նա:

Անդրադառնալով հանրային մեծ քննարկման առարկա դարձած հարցին, որ ՃՈ աշխատողները չէին կարող չնկատել վթարը, ինչու՞ նրանք չեն կանգնել օգնություն ցուցաբերելու՝ Չախոյանը գրել է ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը։ Նա նշել է, որ դա լրացուցիչ խցանումներ կառաջացներ նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապ օգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին:

«Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում»,-գրել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետը ցավակցություն չի հայտնել վրաերթի կապակցությամբ՝ Չախոյանը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ։

«Վարչապետը ցավակցություն է հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն»,- ասվում է գրառման մեջ:

Ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խաչմերուկում ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշված մեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---