ԱԱԾ․ Քննիչը մեղադրյալի մորից $40,000 կաշառք է ստացել

ԱԱԾ․ Քննիչը մեղադրյալի մորից $40,000 կաշառք է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի նախկին ՀԿԳ քննիչի պաշտոնը զբաղեցնող Ս.Ս-ն (աշխատանքից ազատվել է հունվարին), հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր վարույթում քննվող՝ սպանության փաստով հարուցված քրգործով մեղադրյալ Հ.Ա-ին մեղսագրվող մեղադրանքը առավել նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով փոփոխելու համար, վերջինիս մորից՝ Ա.Ա-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 19,400,000 դրամին համարժեք 40,000 դոլար կաշառք-գումար:

Պարզվել է նաև, որ Ս.Ս-ն իր պաշտոնավարման ընթացքում իր վարույթում քննվող մեկ այլ քրգործով մեղադրյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար վերջինիս հորից ստացել է մոտ 230,000 դրամին համարժեք 500 դոլար կաշառք-գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ս.թ. մայիսի 17-ին վերը նկարագրված դեպքերով անցնող անձինք բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ս.Ս-ն և գործով անցնող ևս մեկ անձ ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի կողմից իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքների ամբողջական պարզաբանման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---