Միրզոյան․ Լավրովի հետ քննարկման առանցքում եղել է ՀՀ և Ադրբեջանի միջև հնարավոր փաստաթուղթը

Միրզոյան․ Լավրովի հետ քննարկման առանցքում եղել է ՀՀ և Ադրբեջանի միջև հնարավոր փաստաթուղթը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում ասել է, որ քննարկման առանցքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը։

«Ես վերահաստատել եմ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման, ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,– ասել է Միրզոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և ՀՀ–ն շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությամբ։ Միրզոյանը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարներն իրենց հայտարարությամբ հաստատել են Մինսկի խմբի ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը։

Նախարարը նշել է, որ ՌԴ–ն առանցքային դերակատարում է ունեցել պատերազմը կասեցնելու հարցում, իսկ ռուս խաղաղապահների տեղակայումը պայմաններ է ստեղծում բնականոն կյանքի վերականգնման համար։

Միրզոյանի խոսքով` ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել հունիսի 8-ին։ Նրա այցը պաշտոնական է։ Հունիսի 9-ին Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հունիսի 10-ին Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին։

Լավրովը Երևան է ժամանել Անկարայից՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---