Դատախազը մերժել է Չալաբյանի խափանման միջոցի փոփոխման երաշխավորությունները

Դատախազը մերժել է Չալաբյանի խափանման միջոցի փոփոխման երաշխավորությունները

PanARMENIAN.Net - Դատախազը մերժել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները, հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։

Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Դատախազը, ի վերջո, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մեր հրապարակային անդրադարձից հետո ուղարկեց մեզ երաշխավորությունների վերաբերյալ մերժման որոշումը։ Դատախազը, անտեսելով երաշխավորությունների ինստիտուտի օրենսդրական այն չափանիշը, որ իր որոշման հիմքում պետք է դնի երաշխավորություն տրամադրող անձի կամ կազմակերպության վստահություն վայելելու հանգամանքը, պարզապես նշել է, որ «նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Չալաբյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանը և վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ տվյալ փուլում ևս կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։

Մի կողմ դնելով այն, որ մեր պնդմամբ ընդհանրապես առկա չեն կալանավորման հիմքն ու պայմանները, նշենք, որ դատախազի եզրահանգումն ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը։ Երաշխավորության էութունը հենց նրանում է, որ եթե երաշխավորները հանրային բարձր վստահություն վայելող անձինք են, ապա կալանավորման հիմքերի և պայմանների առկայության դեպքում փոխվում է խափանման միջոցը։ Կալանավորման հիմքերի ու պայմանների վերացումն ինքնին վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն է առաջացնում՝ սեփական նախաձեռնությամբ փոխել խափանման միջոցը։ Ուստի, եթե ակնկալվեր, որ կալանավորումը կարող է փոխվել միայն այդ հիմքերի և պայմանների վերացման դեպքում, ապա երաշխավորություն ներկայացնելը կիմաստազրկվեր և կդառնար ինքնանպատակ։ Դատախազությունը, փաստորեն, ավելորդ ջանք չի փորձում գործադրել ապահովելու համար իր որոշումների թեկուզ թվացյալ պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունը։ Փոխարենը՝ համառում է ամեն գնով և առանց հիմքի Չալաբյանին որքան հնարավոր է երկար պահել անազատության մեջ։

Բնականաբար, այս որոշումն անմիջապես բողոքարկվելու է դատական կարգով, սակայն անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում գործող իշխանության պայմաններում քաղաքական գործերով քրեական արդարադատության ներպետական մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են ու գործում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարութունների»։

Ավելի վաղ Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---