Զոհվածների հարազատները ՔԿ դիմաց էին․ Զոհվածի հորեղբայրը հրաժարվել է հարցաքննվել

Զոհվածների հարազատները ՔԿ դիմաց էին․ Զոհվածի հորեղբայրը հրաժարվել է հարցաքննվել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել էին Քննչական կոմիտեի շենքի առջև։ Նրան եկել էին աջակցելու պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, որին հրավիրել էին Քննչական կոմիտե։

Նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ հրաժարվել են քննչական գործողություններին մասնակցելուց և ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնեն քննիչին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Քննիչը շատ լավ մարդ է, սակայն նա որքան էլ ազնիվ լինի, չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել, քանի որ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ասել է, որ իր անմիջական վերահսկողության տակ է այս գործը։ Այսօր այդ հիմքով հրաժարվել ենք քննչական գործողություններին մասնակցելուց, և երկու օրվա ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնենք քննիչին»,–ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` քննիչը հայտնել է, որ քրեական գործը զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՔԿ։ Իսկ հարցին, թե որն է դրա պատճառը, քննիչը պատասխանել է, թե իրեն հայտնի չէ։ Դրանից փաստաբանը ենթադրում է, որ գործի տեղափոխման պատճառը չի կարող իրավական լինել։

«Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ արտահայտություններ արեց, որից ենթադրում ենք, որ նա շահագրգռված է այս գործի ելքով։ Ուստի քրգործը ՔԿ տեղափոխելով` նպատակ են հետապնդում ցանկալի արդյունքի հասնել, այսինքն` մեղադրական եզրակացությամբ քրգործն ուղարկել դատարան»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ այս քրեական գործով անօրինական քրեական հետապնդում է իրականացվում, և դա շարունակելը հանցագործության հատկանիշներ կպարունակի, ուստի պաշտպանյալների հետ կքննարկի նաև այս հարցը և անհրաժեշտության դեպքում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն։

Մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորն ու հորեղբորը։ Նրանց կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր այն։ Ըստ ՔԿ-ի՝ եղբայրները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը, մայիսի 17-ին` ժամը 14:05-ի սահմաններում մուտք են գործել ՊՆ N զորամասի տարածք, չեն ենթարկվել տարածքը լքելու օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել ՊՆ պաշտոնյայի նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---