Տղամարդը վարորդական տալու կեղծ խոստման դիմաց ավելի քան 3 մլն դրամ է հափշտակել

Տղամարդը վարորդական տալու կեղծ խոստման դիմաց ավելի քան 3 մլն դրամ է հափշտակել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են խարդախությամբ, կաշառքի պատրվակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու դեպքի հանգամանքները: Նախաքննությամբ պարզվել է, որ 54-ամյա տղամարդը 25 քաղաքացուց ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3,148,000 դրամ գումար:

Ներկայանալով ոստիկանության համակարգի նախկին ծառայող և ոստիկանությունում կայուն կապեր և մտերիմներ ունեցող անձ, իրեն դիմած մի շարք քաղաքացիների կեղծ խոստումներ է տվել, թե իբր տվյալ ոլորտի պաշտոնատար անձանց իր միջոցով փոխանցված կաշառքի դիմաց կարող է կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց: Քաղաքացիների շրջանակը մեծացնելու նպատակով, 54-ամյա տղամարդը հանդիպել է ավտոմեքենա վարելու դասընթացներ կազմակերպող ընկերության երկու աշխատակցի հետ և, թաքցնելով իր իրական մտադրությունը, նրանց ևս տեղեկացրել է, որ հանդիսանում է ոստիկանության համակարգի նախկին ծառայող, հայտնել, թե իբր կարող է իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով, որպես կաշառք փոխանցված գումարի դիմաց, կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց՝ նրանց առաջարկելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիներ լինելու դեպքում դիմել իրեն՝ դրա դիմաց խոստանալով գումար. նշված աշխատակիցները նպաստել են վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող 4 քաղաքացիների և 54-ամյա տղամարդու միջև կաշառքի շուրջ համաձայնությանը:

Բացի այդ՝ 54-ամյա տղամարդը, տեղեկանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի՝ աշխատանքի ընդունվելու ցանկության մասին, կրկին ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ոստիկանությունում կայուն կապեր ունեցող անձ, հավաստիացրել, որ կարող է այդ հարցում օգնել, որից հետո, կաշառք տալու փորձի դրդչությամբ, մաս-մաս նրանից ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի 550,000 դրամ գումար:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել կաշառք տալու փորձ կատարած 23 քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ գործուն զղջալու հիմքով, նույն հիմքով մեկ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), հիշյալ 2 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով, 3 քաղաքացիների՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով `դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---