Փորձագետ․ ՀՀ-ում երեխային կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են, բայց բավարար չեն

Փորձագետ․ ՀՀ-ում երեխային կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են, բայց բավարար չեն

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ներկայացնելով վերջին ուսումնասիրությունների արդյունքները, նշել է, որ Հայաստանում երեխային կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են, սակայն բավարար չեն։

Ըստ ուսումնասիրությունների, մինչև 6 ամսական երեխաներին կրծքով կերակրելու ցուցանիշը կազմում 45 տոկոս, մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 35 տոկոս, գրում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ դեռ շատ անելիքներ կան այս ուղղությամբ՝ նախընտրելի ցուցանիշն այն է, որ մինչև 6 ամսական երեխաների 80 և ավելի տոկոսը կերակրվի կրծքով:

Ավետիսյանը հավելել է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ակտիվորեն շարունակել իրազեկման աշխատանքները, հանրապետությունում օգոստոսի 1-7-ն անցկացվում է կրծքով կերակրման իրազեկման շաբաթ, որի շրջանակում ակտիվ աշխատանք է նախատեսված բուժհաստատություններում, սոցիալական ցանցերում:

«Մեր նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը: Մայրական կաթն առանձնանում է հարուստ էլեմենտներով, անվտանգ է, հզոր միջոց է պայքարելու մանկական ինֆեկցիաների դեմ: Երեխաներին մինչև 6 ամսականը պետք է կերակրել բացառապես կրծքի կաթով: Դա մայրիկների համար նույնպես կարևոր է, նպաստում է հղիության ընթացքում ձեռք բերած քաշի նվազեցմանը, դեպրեսիայի հաղթահարմանը և այլն»,-ասել է Լիլիթ Ավետիսյանը:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է: Մայրական կաթը մաքուր է, ապահով, պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից:

Այն ապահովում է`առաջին 6 ամիսներին` անհրաժեշտ էներգիան և սննդանյութերը, 6-12 ամսականների համար` սննդային պահանջների կեսից ավելին, մեկ տարեկանից հետո` 1/3-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում են երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով մինչև 6 ամսականը, ապա կերակրումները շարունակել` տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ զուգակցված:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---