3 օգոստոսի 2022 - 18:22 AMT
ԵՊՀ-ն թույլ չի տվել Գեղամ Մանուկյանի որդուն հեռավար հանձնել քննությունները

ԵՊՀ ռեկտորատը չի թույլատրել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն հեռավար հանձնել արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Մանուկյանը։

ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանն այժմ անազատության մեջ է։

«Անակնկալ մերժում ստացա, քանի որ ռեկտորատը պատճառաբանել է, թե նման կարգ չունեն։ Ուսում ստանալու սահմանադրական կարգի մասին երևի տեղյակ չեն, տեղյակ չեն, որ շատերն են համալսարաններ ավարտում բանտում նստած։ Թերևս դատական կարգով բողոքարկենք այդ մերժումը, որն անգամ բանտային ծառայողների համար էլ էր անակնկալ»,-գրել է նա։

Aravot.am-ը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից փորձել է պարզել, թե ինչու, օրինակ, ցմահ դատապարտյալներ Արսեն Արծրունուն («Դրո» խմբի գործով), 20-ամյա երիտասարդին դաժանաբար սպանած Մհեր Ենոքյանին կարելի էր հեռավար սովորել, իսկ այս պահին ժամանակավոր անազատության մեջ գտնվող Տարոն Մանուկյանին՝ ոչ: Ռեկտորը նախ ասել է, որ ինքն այս պահին երկրում չէ, ԵՊՀ աշխատակիցներն արձակուրդում են, ուստի պետք է գրավոր դիմել, որ ԵՊՀ լրատվականը պատասխանի:

Տարոն Մանուկյանը և մի քանի այլ երիտասարդներ մեղադրվում են ընդդիմադիրների ավտոերթի օրը Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։