Գոռ Աբրահամյան. Պետդավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել

Գոռ Աբրահամյան. Պետդավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով մամուլի որոշ հրապարակումների, տեղեկացրել է, որ 2020թ. արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված՝ պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել:

«Նախընթաց օրերին առանձին լրատվամիջոցներ, հղում կատարելով [armlur.am](http://armlur.am "‌") կայքում օգոստոսի 25-ին հրապարակված մի ապատեղեկատվության, գրում էին այն մասին, որ դատարանում գտնվող մի քրեական վարույթով պետական դավաճանություն կատարելու մեջ մեղադրվող Ա. Սարդարյանը դատարանի որոշմամբ արդարացվել է»,-գրել է նա՝ հերքելով այդ տեղեկությունը։

Նշվում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Ա. Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը):

«2022թ. հունիսի 10-ին Ա. Սարդարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ քրեական վարույթից Ա. Սարդարյանի մասն անջատվել է և 2022թ. հունիսի 17-ին ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2022թ. հունիսի 30-ին դատարանը, քննարկելով մեղադրյալ Ա. Սարդարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը, որոշել է կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

Այլ կերպ ասած՝ քրեական այս վարույթով դատական քննությունը շարունակվում է, իսկ Ա. Սարդարյանը կալանավորված է»,-ասվում է գրառման մեջ։ ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---