Քերոբյան․ Հայ արտադրողները կարող են լրացնել այն բացը, որ առաջացել է ՌԴ-ում՝ առաջին հերթին ըմպելիքների, գինու և տեքստիլի մասով

Քերոբյան․ Հայ արտադրողները կարող են լրացնել այն բացը, որ առաջացել է ՌԴ-ում՝ առաջին հերթին ըմպելիքների, գինու և տեքստիլի մասով

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանի արտադրողները կարող են լրացնել այն բացը, որն առաջացել է ՌԴ-ում միջազգային ընկերությունների հեռանալու պատճառով և որ խոսքն առաջին հերթին ըմպելիքների, գինու և տեքստիլի մասին է, հայտնում է RTVI-ը։

«Այժմ մեր ընկերությունները մեկը մյուսի հետևից խոշոր պայմանագրեր են կնքում խմելու ջրի, հանքային ջրի, հյութերի արտահանման մասով»,-ասել է նախարարը։

Նա հավելել է որ, օրինակ, տեքստիլի արտահանումը 2022-ի առաջին կիսամյակում աճել է 260% և այդ միտումը շարունակվում է։

Քերոբյանն ասել է նաև, որ ռուսական առևտրային ցանցերն ուշադրություն են դարձրել հայկական գինուն և «բազմաթիվ նոր պայմանագրեր են կնքվել»։

Նախարարը նշել է, որ ՀՀ-ից ՌԴ առաքումներն աճել են 48․4%՝ հասնելով գրեթե $543 մլն-ի 2022-ի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ՌԴ արտադրանքի ներմուծումը ՀՀ աճել է 42%՝ հասնելով $1․164 մլրդ-ի։

Նա նշել է նաև, որ ռուսական ներդրումները Հայաստանում հասնում են $2 միլիարդի։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ներառել է Հայաստանն այն երկրների ցանկում, որոնց օգնությամբ, ՌԴ-ն կարող է շրջանցել պատժամիջոցները։

Քերոբյանը հավաստիացրել է, որ իրավիճակը հսկողության տակ է։

«Պատժամիջոցները չեն խախտվում, երկրորդական պատժամիջոցների ազդեցության տակ ընկնելու ռիսկերը մեծ չեն»,-ասել է նա։

Ըստ ՀՀ նախարարի, հայկական բանկերն ու ընկերությունները երբեմն «չափից շատ են ջաnք գործադրում» պատժամիջոցները պահպանելու համար, ինչի հետևանքով բիզնեսը կարող է երբեմն բաց թողնել նոր հնարավորությունները։

Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար սպառնալիքներին՝ Քերոբյանն ասել է, որ «շատ մեծ են մնում ռիսկերը» պարենային անվտանգության տեսակետից։

«Պարենամթերքի գներն աճել են, շատ դեպքերում դեֆիցիտ է նկատվում»,-ասել է նա։

Ըստ Քերոբյանի, մյուս ամենամեծ ռիսկը լոգիստիկ ռիսկն է՝ օրինակ բերելով Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությունը, քանի որ այն հսկայական բեռնահոսքերը, որ Եվրոպայից ՌԴ էին գնում Ուկրաինայով և Բելառուսով, հիմա անցնում են Թուրքիայով և Վրաստանով»։

Նա նշել է, որ արագացվել է հայկական բեռների անցումը սահմանակետով՝ օգոստոսի սկզբին հայկական բեռների հոսքն աճել է 50 տոկոսով, ՌԴ կողմից գործարկվել է մաքսազերծման երկրորդ գոտին։

Անդրադառնալով Փոթի-Կովկաս լաստանավին՝ Քերոբյանն ասել է, որ դրա գործարկումը հիմնականում հետաձգվում է ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով։

Նա նշել է, որ առանց կայուն լաստանավային հաղորդակցության, որը կկապի ՀՀ և Եվրասիայի երկաթուղիները, չի ստացվի զարգացնել հայկական արդյունաբերությունը։

Քերոբյանը հայտնել է, որ լաստանավի գործարկման առաջին 6 ամիսը ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի լոգիստիկայի լաստանավային մասը, որից հետո լաստանավային հաղորդակցությունը կայուն կդառնա։

Լաստանավային փոխադրումների կոչված են խթանելու արտահանումը ՀՀ-ից Ռուսաստան։ Լաստանավը կգործի շաբաթական 2 անգամ։ Եթե Վերին Լարսով բեռները հիմնականում մեկ շաբաթ են գնում, ապա լաստանավային փոխադրումը թույլ կտա 3 օրով կրճատել այդ ժամկետը։

 Ուշագրավ
«Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
---