Իրավապաշտպան. 156 գերի հայրենադարձվել է, Ադրբեջանում դեռ բազմաթիվ գերիներ կան

Իրավապաշտպան. 156 գերի հայրենադարձվել է, Ադրբեջանում դեռ բազմաթիվ գերիներ կան

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 156 գերի, որոնք հայրենադարձվել են, բայց և կան բազմաթիվ գերիներ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում։

«Չափազանց կարևոր և զգայուն խնդիր է, որ ունենք մոտ 80 գերի, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհայտացման։ Մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմը՝ Ադրբեջանում պահվող գերիների թիվը պաշտոնապես 33 է, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք մոտ 20 նոր գերեվարման դեպք»,- նշել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով՝ իրենք անհատական գանգատների հիմքով են աշխատանքներ տանում, բայց, միևնույն ժամանակ, կա միջպետական գործընթաց Եվրոպական դատարանում։ Նա նշել է, որ գերիների հարցով իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշ դեպքերում նաև աննախադեպ, որովհետև Հայաստանը նախկինում զերծ է մնացել որևէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց, թեև անհատական ջանքերով ունեցել ենք միջպետական բնույթ ունեցող գործեր, բայց պետությունն իր դեմքով առաջին անգամ է, որ այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում։

Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ միակ բացը, որը կարելի է լրացնել իրավական գործընթացում՝ պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, քանի որ զարգացումները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերիներ լինելուց, նրանք որպես պատանդներ պահվում են և օգտագործվում են որպես միջոց՝ ՀՀ-ի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով և նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից։

Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի սանձազերծման երկրորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---