Երևանը կհյուրընկալի CYFEST-14 մեդիա արվեստի միջազգային փառատոնը

Երևանը կհյուրընկալի CYFEST-14 մեդիա արվեստի միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Երևանը կհյուրընկալի CYFEST-14 մեդիա արվեստի միջազգային փառատոնը, որի ծրագիրը ներառում է ցուցահանդեսային նախագիծ, վիդեո արվեստի ցուցադրություն, պերֆորմանսների շարք և ուսումնական հանդիպումներ։

CYFEST-ն աշխարհի սակավաթիվ շրջագայող մշակութային փառատոներից է. 2022-ին փառատոնային նախագծերը կցուցադրվեն Երևանում, Մեծ Բրիտանիայի Դարտինգթոն քաղաքում, ԱՄՆ-ի Արիզոնայում և Նյու Յորքում: Փառատոնի գործընկերներն են ինչպես դասական, այնպես էլ փորձարարական ինստիտուտներ, հայտնում է Cyberfest.ru-ն։

2022 թվականի փառատոնի թեման է՝ Խմորում։

Միևնույն վայրում CYFEST-14-ը հավաքում է ավելի քան 30 մասնակցի 7 երկրից: Նրանց թվում են Աննե Մարի Մեյսը՝ նկարիչ, կենսատեխնոլոգ, բակտերիաների, ջրիմուռների և բույսերի վրա հիմնված մի շարք տեխնոօրգանական օբյեկտների հեղինակ, Մարին Կազիմիրը՝ մուլտիդիսցիպլինար արվեստագետ և լուսանկարչական տեսողության հետազոտող, Մարիաթերեզա Սարտորին՝ արվեստագետ, ով իր ստեղծագործություններում համատեղում է նյարդակենսաբանությունը, երաժշտությունն ու ձայնը, Ուր շներն են վազում խումբը՝ գիտական արվեստի ռահվիրաններ, Ուիլյամ Լաթամը՝ արվեստագետ, Գոլդսմիթ քոլեջի համակարգչային արվեստի և խաղերի զարգացման պրոֆեսոր, և Լուկա Ֆորկուչին՝ արվեստագետ, ձայնի, գիտակցության, ընկալման, հիշողության և մարմնի փոխհարաբերությունների հետազոտող և կոմպոզիտոր:

Փառատոնի անցկացման կենտրոնական վայրը Երևանում կլինի Հայարտ մշակութային կենտրոնը՝ բազմաֆունկցիոնալ տարածք, որը ներկայացնում է ժամանակակից մշակույթի ամբողջ սպեկտրը՝ վիզուալ, պերֆորմատիվ, թվային արվեստից և լուսանկարչությունից մինչև ճարտարապետություն, էքսպերիմենտալ կինո, էլեկտրոնային և դասական երաժշտություն:

«Թվային խմորում» տեսածրագրի գործընկերը կլինի ACCEA/NPAK-ը՝ Կովկասի ժամանակակից փորձարարական արվեստի հնագույն կենտրոններից մեկը։

Համադրողներն են՝ Աննա, Ֆրանց, Ելենա Գուբանովա, Վիկտորյա Իլյուշկինա, Սերգեյ Կոմարով։

CYFEST-ը կազմակերպվում է CYLAND MediaArtLab-ի և One Market Data Yerevan-ի կողմից:

CYFEST-ը՝ Արևելյան Եվրոպայի խոշորագույն մեդիա արվեստի միջազգային փառատոներից մեկը, հիմնադրվել է մի խումբ անկախ արվեստագետների և համադրողների կողմից 2007 թվականին: Իր ստեղծման օրվանից CYFEST-ի հիմնական մտահոգությունն է եղել ուսումնասիրել նոր և ավանդական վիզուալ լեզուների երկխոսությունը և ցուցադրել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ գեղարվեստական վերափոխման միջոցով: CYFEST-ը միավորում է արվեստի մասնագետներին, արվեստագետներին, համադրողներին, մանկավարժներին և մտածողներին, ծրագրավորողներին, ինժեներներին և մեդիա ակտիվիստներին ամբողջ աշխարհում և ընդլայնում է ժամանակակից արվեստը՝ միահյուսելով այն գիտության և տեխնիկայի տարբեր ոլորտների հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---