8 հոկտեմբերի 2022 - 13:25 AMT
Մետրոյում ուղևորահոսքն ավելացել է․ Լրացուցիչ 2-3 վագոն կշահագործվի

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ մետրոյում ուղևորահոսքի աճով պայմանավորված`որոշում է կայացվել հոկտեմբերի15-ից լրացուցիչ 2-3 վագոն շահագործել։

Նրա խոսքով` ենթակառուցվածքի զարգացման համար մետրոպոլիտենի ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սեդրակյանն ասել է նաև, որ Երևանի «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը, նախնական տվյալներով, կարող է սկսվել 2023 թվականին։

«Նախնական տվյալներով` շինարարական աշխատանքները կարող են 4-5 տարի տևել»,–հավելել է նա։

Առաջիկայում սպասվում է Երևանում կամրջի և «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման համար 500 մլն դոլարի չափով ռուսական վարկի հաստատումը։ Նախատեսվում է, որ կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա։ Ըստ քաղաքային իշխանությունների պլանի՝ մետրոյի նոր կայարան տանող 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին և անավարտ մնացել: ‌