2022-ի 9 ամսվա պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 412 մլրդ դրամ

2022-ի 9 ամսվա պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 412 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2022 թվականի 9 ամսվա ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։ Այդ մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը. նա Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է ընթացիկ տարվա հարկային եկամուտների ցուցանիշները:

Նա նշել է, որ արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ:

ՊԵԿ նախագահը հավելել է, որ նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ, իսկ 2022 թ․ 9 ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 36.8 հազարով կամ 6 տոկոսով, իսկ 2020 թ․ ցուցանիշը՝ մոտ 60 հազարով:

Նշվել է նաև,որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021-ին կազմել է 22.7 տոկոս և որ ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0.5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս։

«Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարությանը և հարկային կարգապահության բարելավմանը։ Հարկային վարչարարությունը տարեցտարի իրականացվում է ավելի թիրախային՝ հիմնված վերլուծական գործիքների վրա»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին՝ մաքսային գործառնությունների վերանայման արդյունքում հանվել են փաստաթղթային մի շարք ոչ ֆորմալ գործընթացներ։

Նա տեղեկացրել է, որ ներդրվել է նախնական հայտարարագրման համակարգը, 24/7 ռեժիմով սահմանին ներմուծվող ապրանքների բացթողումն իրականացվում է ժամանումից հետո՝ միջինում 15 րոպեից մինչև 3 ժամում։

Նշվել է նաև, որ Երևանում, նոյեմբերի 1-ից մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած և ընտրված մասնակիցներն աշխատանքի կանցնեն բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում։ Քննական փուլը հաղթահարել է 160 մասնակից։ ‌

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---