Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում․ Անհնար է Ադրբեջանի հետ խոսել խաղաղության մասին, մինչ նա կրակում է քեզ վրա

Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում․ Անհնար է Ադրբեջանի հետ խոսել խաղաղության մասին, մինչ նա կրակում է քեզ վրա

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը: Հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ասել է, որ անհնար է Ադրբեջանի հետ խոսել խաղաղության մասին, մինչ նա կրակում է քեզ վրա։

«Իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից։ Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված։ Շատ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

«Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում չդատապարտվեց։ Վերջին նիստի ժամանակ այստեղ ես խոսում էի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի էր ունեցել 2021 թվականին։ Ես խոսում էի հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Նրանք մինչ օրս պահվում են այնտեղ։ Հիմա՝ մի քանի ամիս անց ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, որոնցից մի քանիսը սպանվել են, և կան կադրեր, որտեղ երևում է, նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում։ Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ ադրբեջանցիները նախկինում չէին դատապարտվել»-ասել է Ռուբինյանը։

Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ նախագահն իրեն ու ադրբեջանական պատվիրակության ղեկավարի՝ Սամադ Սեիդովի հրավիրել էր սեպտեմբերի 15-ին հանդիպել Փարիզում, սակայն դա տեղի չունեցավ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։

«Ինչո՞ւ այն (հանդիպումը, խմբ.) տեղի չունեցավ։ Շատ պարզ պատճառով. հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից ու ես չգնացի Փարիզ։ Հարգելի գործընկերներ, խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին։ Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը։ Անհնար է։

Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկացել այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարդ է։ Հասկանում եմ։

Բայց սա այլ է։ Սա այն դեպքն է, որ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը, դա պետք է դատապարտվի։ Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»,-ասել է Ռուբինյանը։

ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, վեհաժողովում պատվիրակության անդամներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հայկ Մամիջանյանը մասնակցում են Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---