13 հոկտեմբերի 2022 - 17:46 AMT
ՊԲ խոսնակ․ Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում և կատարվել է երկուստեք

ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե հայկական կողմը, իբր, միտումնավոր 1 մլն ական է տեղադրել, ասել է, որ ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում և կատարվել է երկուստեք, հայտնում է Արցախպրեսը։

Հոկտեմբերի 13-ին Իլհամ Ալիևն Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ ասել է, թե Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմն, իբր, նպատակաուղղված կերպով մոտ 1 միլիոն ական է տեղադրել։ Նա նաև ասել է, թե ականազերծման համար մոտ 30 տարի կպահանջվի և մոտ 25 մլրդ դոլար։

Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են: ‌