Կադաստրի պաշտոնյան խոշոր չափի կաշառք է ստացել․ 11 մեղադրյալ կա

Կադաստրի  պաշտոնյան խոշոր չափի կաշառք է ստացել․  11 մեղադրյալ կա

PanARMENIAN.Net - ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահատվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես, ձեռք են բերվել փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ Գ. Մ.-ն և Դ. Մ.-ն, իրենց մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել են Երևանի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր մոտ 5․6 մլրդ դրամ շուկայական արժեքով 11 հողատարածք, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Բացի այդ, Հ. Ա.-ն իր մտերիմ Գ. Մ.-ի և նրա ներկայացրած անձի՝ Ծ. Գ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար 2020-ին Գ. Մ.-ից ստացել է 2 մլն դրամ կաշառք: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2020-ի ապրիլի 9-ին կեղծ փաստաթղթերը Հ. Ա.-ի կազմակերպմամբ մուտքագրվել են կադաստրային գործերի էլեկտրոնային համակարգ, որտեղ ներառվել են տեղեկություններ այն մասին, թե իբր հողամասի սեփականատեր է հանդիսանում Ծ. Գ.-ն:

Դրանից բացի, պաշտոնատար անձ Հ. Ա.-ն, տեղեկացված լինելով, որ Գ. Մ.-ն արդեն իսկ անմիջական մասնակցություն է ունեցել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի հողամասերի հափշտակությանը, Գ. Մ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2021-ի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում ապօրինի կերպով որպես նշված հողամասերի սեփականատերեր է մուտքագրել տարբեր անձանց տվյալներ։

Հ. Ա.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 2,343,611,164 դրամ արժողությամբ 5 հողամաս դուրս է բերվել պետության հաշվեկշռից և անցել այլ անձանց տնօրինության տակ:

Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ ՔՕ (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թ․, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ընդհանուր առմամբ, հիշյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 11 անձի:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ։ ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---