Նախարար․ Մեր ջանքերն Իրանի հետ կենտրոնացնում ենք երկու երկրներով երրորդ երկրներին ապրանք վաճառելու վրա

Նախարար․ Մեր ջանքերն Իրանի հետ կենտրոնացնում ենք երկու երկրներով երրորդ երկրներին ապրանք վաճառելու վրա

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում, խոսելով Իրանի հետ առևտրաշրջանառության մասին ասել է, որ Հայաստանը կենտրոնանում է առևտրի այն կոմպոնենտների վրա, որոնք մեծ պոտենցիալ ունեն։

«Դրանք, ըստ էության, Հայաստանի կապերն ու ցանցերն օգտագործելով` իրանական ապրանքները դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ վաճառելու հնարավորությունն է, որովհետև Հայաստանի շուկան ինքնին փոքր է իրանական ապրանքները վաճառելու համար։ Նշենք, որ իրանական ապրանքները Հայաստանում որոշակի վերամշակում են անցնում։ Մեր ջանքերը կենտրոնացնում ենք նրա վրա, որ երկու երկրներով ապրանք վաճառենք երրորդ երկրներին, և այստեղ մեր հաջողությունները շատ մեծ են»,-ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նախարարը նշել է, որ 2022-ին Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կկազմի մոտ 800 մլն դոլար։

«Եթե մենք 2021-ի սկզբին մտածում էինք, որ 1 մլդ դոլարի առևտրաշրջանառությունը լավ թիրախ է, որովհետև 2020-ի առևտրաշրջանառությունը կազմել էր ընդամենը 400 մլն դոլար, ապա այս տարի կունենանք կրկնապատիկը։ Այսինքն 2 տարվա մեջ (2020-22 թվականներին) առևտրաշրջանառության կրկնակի աճ ունենք»,-ասել է Քերոբյանը։

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է ԵԱՏՄ- Իրան ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգումն ու լավարկումը , որը թույլ կտա Հայաստանին ավելի լավ միջավայրում առևտուր անել։

Քերոբյանն ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության հիմնական խոչընդոտը բանկային փոխանցումների դժվարություններն են, որոնք բավականին կաշկանդում են առևտուրը և ստիպում են, որպեսզի երկու երկրների բիզնեսմենները բուն բիզնեսի վրա կենտրոնանալու փոխարեն այլընտրանքային վճարումների եղանակներ փնտրեն։

Ըստ Քերոբյանի՝ մյուս մեծ խոչնդոտը առևտրաշրջանառության համար Հայաստանից դեպի Իրան արտահանումների հարցում է, քանի որ Իրանն ունի որոշակի սահմանափակումներ։

«Իրենց տնտեսությունը կոչվում է դիմադրողականության տնտեսություն և շատ քիչ են շահագրգռված ապրանքների ներմուծման մեջ։ Իհարկե մենք շատ կուզենք, որ առևտուրը լինի երկկողմանի, բայց նաև հասկանում ենք, որ դժվար է գործընկերներին ստիպել անել մի բան, ինչն իրենք չեն ուզում»,-ասել է նախարարը։

Նոյեմբերի 1-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---