Վանեցյանը չի բացառել մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին

Վանեցյանը չի բացառել մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում ի պաշտպանություն Արցախի ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին։

«Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Ոչ բացառում եմ իմ մասնակցությունը, ոչ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ Կարծում եմ՝ մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնամ»,- ասել է Վանեցյանը, գրում է Արմենպրեսը։

Վանեցյանը նաև ասել է, որ չի հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ։

«Ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք են տալիս ենթադրելու, որ նա այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում և տեսնում է, որ չի կարողանում նաև Հայաստանի, Արցախի ներսում իր խոստումները ի կատար ածել: Պատերազմի ընթացքում և հետո Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են բացառապես իր իշխանությունը պահելուն, գրում է Panorama.am-ը։

Ինքը հասկանում է, որ եթե ինքը գնա կտրուկ քայլերի, որը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից, կարող է կորցնել իշխանությունը: Ուստի, կարծում եմ, որ հերթական անգամ խաբելով, ինչպես ինքն է ասում՝ գժի տեղ դնելով, այլ պատճառաբանություններով, կփորձի հետաձգել դա»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։

Այն դիտարկմանը, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանություններն ասում են, որ պատասխանատու չեն Արցախի անվտանգության համար, Արթուր Վանեցյանը պատասխանել է. «Իրենք իրավասու չեն նման հայտարարություն անել։ ՀՀ անկախության հռչակագրում հստակ նշված է Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը։ Սակայն այս մարդիկ ցույց են տալիս, որ իրենց համար կարևորը իշխանությունը պահելն է, այլ ոչ թե այն՝ Արցախը կլինի, թե ոչ, Սյունիքում այս կամ այն գյուղը կլինի մերը, թե ոչ»։

Դիմադրության շարժումը, ի պաշտպանություն Արցախում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ու ԱԺ ընդունած հայտարարության, նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---