ՄԻՊ-ը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաներին մանրամասնել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

ՄԻՊ-ը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաներին մանրամասնել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումներում անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, ատելության խոսքի դրսևորումներին և ատելության հիմքով հանցագործություններին՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքների, բազմաթիվ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ:

ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ:

Գրիգորյանը նրանց է տրամադրել հաստատության կողմից հարձակման հետևանքների վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները:

ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ի թիվս այլնի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց տնտեսական հզորացման ու իրավազորման, խտրականության դեմ պայքարի հարցերում մարտահրավերները: Իր խոսքում Գրիգորյանը ընդգծել է 2020թ. ԵՄ կողմից ընդունված գլոբալ մարդու իրավունքների հարցերով սանկցիաների ռեժիմի կիրառելության կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտին հակազդելու միջոց: Իմոն Գիլմորը շնորհավորել է Պաշտպանին մանդատի ստանձնման կապակցությամբ և հայտնել իր պատրաստակամությունը՝ գործադրելու ջանքեր ուղղված համագործակցության խորացմանը:

Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները և դրանց ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը և մատնանշել համագործակցության բարձր մակարդակը ինչպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, այնպես էլ ծրագրերի իրականացումն ապահովող միջազգային գործընկերների հետ:

Ներկայացնելով հաստատության հիմնական առաջնահերթությունները՝ Գրիգորյանն առանձնացրել է հիմնական կարիքները, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հաստատության հզորացմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---