Փաշինյան․ Առաջարկել ենք Ադրբեջանի հետ սահմանին 3 կմ-անոց ապառազմականացված գոտի ստեղծել

Փաշինյան․ Առաջարկել ենք Ադրբեջանի հետ սահմանին 3 կմ-անոց ապառազմականացված գոտի  ստեղծել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է սահմանն ապառազմականացնելու վերաբերյալ Ադրբեջանին ներկայացված առաջարկին։

Նա հավելել է, որ առաջարկը հետևյալն է՝ 3 կմ-անոց ապառազմականացված գոտի ստեղծել, ինչը նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն այդ գոտուց, իսկ պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին։

«Մենք արել ենք նույն առաջարկը, ինչ 2020-ին, ավելի մանրամասն։ Եթե ընդունում ենք 1991-ի սահմանագիծը, իսկ Պրահայում և Սոչիում արձանագրվել է, որ ընդունում ենք, ուրեմն պետք է զորքերը փոխադարձաբար հետ քաշենք սահմանագծից: Այդ գծից այն կողմ Հայաստանը զորք պետք է չունենա, այդ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Կարճ ասած՝ Հայաստանն առաջարկում է 1991 թվականի սահմանագծից զորքերը հետ քաշել»,-ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ որոշ տեխնիկական բնույթի առաջարկներ կան, թե ինչպես դա անել, որ մարդկանց բնականոն կյանքը չխաթարվի, մյուս կողմից՝ անվտանգության սպառնալիքներ չստեղծվեն:

Փաշինյանն այդ տեսանկյունից կարևորել է մշտադիտարկման միջազգային մեխանիզմը, քանի որ պայմանավորվածությունները ստորագրելուց զատ, պետք է նաև կատարվեն:

«Եթե զորքերը հետ են քաշվում, նաև մեր կողմից, ըստ էության պաշտպանական գիծը խախտվում է: Եթե մենք չենք ստեղծվում երաշխիքներ, որ, ենթադրենք այսօր բոլորս հետ քաշվեցինք, վաղը չէ մյուս օրը բառիս բուն իմաստով Ադրբեջանը չի հարձակվելու, ստացվում է, որ ինքներս մեր առանց այն էլ խոցելի անվտանգային համակարգը դարձնում ենք ավելի խոցելի»,-ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ առաջին անգամ Հայաստանն առաջարկել էր, որ ՌԴ-ն իրականանցի մոնիտորինգը, բայց Ադրբեջանը չի ընդունել, հիմա Հայաստանն առաջարկել է, որ դա լինի կամ ՌԴ-ն, կամ ՀԱՊԿ-ը, կամ ԵԱՀԿ-ն, կամ ԵՄ-ն կամ այլ տարբերակ:

Փաշինյանը կարևորել է երաշխավորների առկայությունը, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած իրադարձությունները դա են վկայում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև օկուպացված Շուշիում, կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։

Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---