23 նոյեմբերի 2022 - 10:59 AMT
Երևանում այսուհետ հրավառություններ կարվեն միայն պետմարմինների պատվերով և 2 վայրում

Երևանում այսուհետ հրավառություններ կարվեն միայն տեղական և պետական ինքնակառավարման մարմինների պատվերով և միայն 2 վայրում՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը:

Հրավառությունն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին։

Երևանի ավագանին նոյեմբերի 22-ի որոշմամբ սահմանել է տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները: Նախագիծը ներկայացրել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի ավագանին միաձայն կողմ է քվեարկել նախագծին:

Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում:

Փոխքաղաքապետ Ավինյանը հավելել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ:

Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Տիգրան Ավինյանի խոսքով կա նաև օրենսդրական փաթեթ, որը դրվել է շրջանառության մեջ. նախատեսվելու է հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, որին զոհ գնաց 16 մարդ, Ավինյանը հայտարարել էր, որ ողբերգությունը առիթ է մտածելու պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու համար։