ՔՊ–ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթին. Նախագիծը մինչ այդ կլրամշակվի

ՔՊ–ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթին. Նախագիծը մինչ այդ կլրամշակվի

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին: Այդ մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերնագիրն է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ»:

«Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ թղթին կհանձնի, և վաղն օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային կարգով դրանք կքննարկենք։ Հայտարարության նախագծի (ընդգրկված է նիստի օրակարգում. խմբ.) մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Կարծում եմ` աշխատանքային պրոցեսի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Աղաջանյանը։

Նրա խոսքով` անգամ այն դեպքում, եթե ընդդիմության հետ չկարողանան ընդհանուր որոշում կայացնել հայտարարության վերաբերյալ, արտահերթ նիստն այնուամենայնիվ կկայանա։ Աղաջանյանը վստահեցրել է` իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին։

«Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հետաձգվել է, հայտնում է Panorama.am-ը։

Աղաջանյանը նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորներին տեղեկացրել է, որ նախագծի հեղինակների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, թե հանձնաժողովի նիստը հետաձգեն մինչև լիագումար նիստերի սկիզբը՝ դեկտեմբերի 2-ը, որպեսզի այդ ընթացքում հայտարարության տեքստն աշխատանքային կարգով քննարկվի և լրամշակվի:

Աղաջանյանը հայտարարել է, որ նիստն ընդմիջում է մինչև դեկտեմբերի 2-ը և ներկա մյուս 3 պատգամավորի հետ լքել դահլիճը:

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ է հրավիրում։ Ընդդիմադիրներն ուզում են, որ ԱԺ–ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---