Նախարար․ Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցողների համար խելամիտ հարմարեցումներ են նախատեսվում

Նախարար․ Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցողների համար խելամիտ հարմարեցումներ են նախատեսվում

PanARMENIAN.Net - 2023-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում նախատեսվում են խելամիտ հարմարեցումներ։ Այդ մասին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա ասել է, որ, կարևորելով վերջիններիս համար մատչելի պայմանների ստեղծումը, տարիքին ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը, պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով օրենսդրական և ոլորտային այլ բարեփոխումներ։

«Մասնավորապես՝ 2023 թվականի փետրվարի 1–ից կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ։ Այն հնարավորություն կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:

Փորձնական գործարկումից հետո 2024 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև անձնական օգնականի ծառայությունը։

Հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով՝ նախարարությունը շարունակում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել շուրջօրյա, ցերեկային ու սոցիալ-վերականգնողական ծառայություններ` վերջիններիս խնամքի ու զբաղվածությունը ապահովելու և անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու համար: Անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով՝ այս տարվա համար նախատեսված է մոտ 233 մլն 500 հազար դրամ։

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը խթանելու նպատակով՝ պետական հավաստագրերի հիման վրա շարունակվում է նաև աջակցող միջոցների տրամադրումը․ 2022 թվականի 11 ամիսների ընթացքում 8262 անձի տրամադրվել է մոտ 20,000 աջակցող միջոց։

Մեկ անգամ ևս ընդգծելով պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների կարևորությունը՝ լիահույս եմ, որ իրականացվող և նախատեսվող բարեփոխումները իրապես կկարողանան լուծել ոլորտում առկա հիմնահարցերը և նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը»,-ասվում է ուղերձում։

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։

 Ուշագրավ
Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել
ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ
---