Մելքոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնի․ Ընդդիմադիրների քայլերն իրողություններին համարժեք չեն

Մելքոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնի․ Ընդդիմադիրների քայլերն իրողություններին համարժեք չեն

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնի։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ ընդդիմադիրների քայլերն իրողություններին համարժեք չեն։

Նա նշել է, որ մասնակցել է 2021 թ. խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, սակայն տարբեր պատճառներով ընտրություններում արձանագրված արդյունքներով «Հայաստանում տեղի չունեցավ փոփոխություն, և պատերազմում պարտված ուժը շարունակեց կառավարել»:

«․․․Սկսած 2018 թվականից և հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո՝ որպես ընդդիմադիր քաղաքացի, որպես թուրքագետ ունեցել եմ և հիմա էլ շարունակում եմ ունենալ իմ փաստարկված մոտեցումները և դիրքորոշումը հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք որևէ փոփոխության չեն ենթարկվել:

-Իրավիճակը փոխելուն հանձնառու ընդդիմադիր ուժերին տարբեր պատճառներով առ այսօր չի հաջողվել հասնել հաջողության: Չեմ ուզում գնահատական տալ այն գործողություններին, որոնց մշակման և իրականացմանը որևէ մասնակցություն չեմ ունեցել, սակայն այս ընթացքը և այսօրվա գործելաոճը ինձ համար առհասարակ ընկալելի չեն, և համարում եմ, որ վերջնական նպատակին հասնելու համար արվող քայլերը այս պահին և իրողություններին համարժեք չեն:

-Հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իմ հավանական պատգամավորական գործունեությունը համարում եմ ոչ նպատակահարմար, քանզի դրա օգտակարությունը մեր պետականության համար կարծում եմ կլինի կամ զրոյական, կամ աննշան, ուստի որոշում եմ կայացրել հրաժարվել խորհրդարանական ընտրություններից գրեթե 1.5 տարի անց ինձ հասած պատգամավորական մանդատից և չեմ ուզում մասնակցել ինքնանպատակ գործընթացներին:

-Շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշմանը, իմ մասնագիտությունից բխող ճշմարտություններին և իմ գիտելիքներն ու հմտությունները անմնացորդ ծառայեցնելու եմ մեր պետականությանը, մեր լուսավոր երիտասարդ սերնդի կրթության գործին:

Մելքոնյանը հավելել է, որ մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնի ԿԸՀ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ «Կուսակցության անդամ 4 պատգամավորից 3-ը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---