Դումանյան. 100-ամյա արժեքներ ենք վերականգնում, մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր

Դումանյան. 100-ամյա արժեքներ ենք վերականգնում, մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով տոնական լուսավորության պատճառով շենքերի վնասմանը, վստահություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանը տոներից հետո Հանրապետության հրապարակի շենքի վրա արված բոլոր անցքերը կվերականգնի, եթե դրա կարիքը կա։

Համացանցում բուռն քննարկման թեմա են դարձել Հանրապետության հրապարակի շենքերի ճակատային հատվածների վրա հայտնված հեղույսները, որոնք ամրացվել են քաղաքի տոնական ձևավորման համար։

«Մեր նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում` 100-ամյա պատմամշակութային տարբեր արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր»,–ասել է Դումանյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է, որ անցքերի մասով աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի պատվերով, և անկասկած, կվերականգնեն։

«Ես փորձագետ չեմ, լսել եմ տարբեր կարծիքներ, և ճարտարապետներ կան, որ ասում են` դա ընդհանրապես խնդիր չէ»,-ասել է նա։

Նրա խոսքով` նախապես հանձնաժողով չի կազմվել այդ հարցը քննարկելու համար, քանի որ այդ ամենը ժամանակավոր է, և եթե լիներ մշտական, ապա գիտամեթոդական խորհրդում պետք է հավանության արժանանար։ Սակայն, ըստ նախարարի, բանավոր քննարկումներ են եղել։

Դումանյանը նշել է նաև, որ փաստաթղթային առումով թույլտվություն չկա, սակայն չգիտի` դրա համար փաստաթուղթ պետք է, թե ոչ։

Նախարարը նշել է նաև, որ եթե ինքը լիներ ծրագրի պատասխանատուն, գուցե այլ լուծումներ լինեին։

Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վրա ամանորյա լուսավորության համար ընթացող աշխատանքների մասին, ասել էր, որ քաղաքացիների մտահոգությունը փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը, որն արվում է, հետագայում անվնաս վերադարձ լինի շենքերին։ Նա ասել է նաև, որ դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---