Ստեղծելով հրաշքը. Zuck-ը` «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» կոնցեպտի և բրենդինգի հետևում

Ստեղծելով հրաշքը. Zuck-ը` «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» կոնցեպտի և բրենդինգի հետևում

PanARMENIAN.Net - 1954 թվականի մայիսին Շվեյցարիայի Լուգանո քաղաքում կայացավ առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը, իսկ գրեթե կես դար անց Դանիայում՝ առաջին Մանկական Եվրատեսիլը։ Տարիների ընթացքում մրցույթի կառուցվածքն ու ընթացքը, մասնակից երկրների կազմն ու կանոնները փոփոխվել են, սակայն գաղափարը՝ արվեստի շուրջ միավորել եվրոպական երկրներին՝ մնացել է նույնը։

Հայաստանն առաջին անգամ Մանկական Եվրատեսիլին մասնակցել է 2007 թվականին՝ Արևիկ խմբի «Երազանք» երգով, իսկ հաղթել է 2010 թվականին՝ Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգով։ 2011-ին Հայաստանն առաջին անգամ հյուրընկալեց Մանկական Եվրատեսիլը, իսկ 2021 թվականին Մալենայի «Քամի քամի» երգով մրցույթի քսաներորդ պտույտը նույնպես կանգ առավ Հայաստանում։

Մրցույթի ինքնության փնտրտուքները և հաղթող գործակալությունը

Մրցույթի կազմակերպիչն այս տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն էր՝ Եվրոպական հեռարձակողների միության հետ համագործակցությամբ։

Կազմակերպիչները հատուկ կարևորություն էին տալիս անցկացվելիք միջոցառման ինքնությանը, ուստի 2022-ի Մանկական Եվրատեսիլի խորհրդանիշը, կարգախոսը և ինքնությունը գտնելու համար Հայաստանի լավագույն գովազդային գործակալությունների միջև մրցույթ կազմակերպվեց։ Առաջարկված բոլոր տարբերակները դիտարկելուց հետո Հանրային հեռուստաընկերությունն ընտրեց Zuck Independent Agency-ի գաղափարը։

Zuck-ը Հայաստանի առաջատար գովազդային գործակալություններից է, որ միավորելով ավելի քան տասը տարվա փորձագիտություն՝ ստեղծում է բրենդեր և պրոդուկտներ, մշակում և իրագործում է դրանց խթանմանն ուղղված ռազմավարություններ, գովազդային արշավներ և վեբ-լուծումներ։ Zuck-ի գործընկերների շարքում են համաշխարհային և տեղական բազմաթիվ ճանաչված կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, IDBank-ը, Ameria և Ineco բանկերը, Coca-Cola ընկերությունը, PMI-ը, Ucom-ը, և այլն։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ Zuck-ը համագործակցում է գովազդի ոլորոտում համաշխարհային գիգանտ WPP-ի մաս կազմող Hogarth Worldwide և Ogilvy գործակալությունների հետ։ Գործակալությունը մշակել և իրականացրել է մի շարք հայտնի արշավներ, ինչպիսիք են Ակբա բանկի համար՝ «ՕրաՑույց պլաստիկի դեմ», Օրիֆլեյմի՝ «Տգեղ են գեղեցկության ստանդարտները», nose.am-ի՝ «Աչքերը մամայինն են, քիթը Գևորգ Եղիազարյանինը» և ավելին։

Ինչու՞ հոլ

Հայաստանը, Մանկական Եվրատեսիլ 2022-ը կազմակերպելիս, ուներ երկիրը և մրցույթը յուրովի ներկայացնելու հստակ մարտահրավերներ։ Ընտրված խորհրդանիշը պետք է արտահայտեր հայկականը՝ միևնույն ժամանակ խուսափելով կլիշեներից և հասկանալի լինելով միջազգային հանրությանը։ Խորհրդանիշը պետք է լիներ մանկական, սակայն խորթ չլիներ հասուն հանդիսատեսի համար։ Այս ամենը համատեղելով Zuck-ն առաջարկեց մրցույթի խորհրդանիշը դարձնել հոլը. խաղալիք, որ ամբողջ աշխարհում ճանաչելի է և ամեն երկրում յուրահատուկ տեսք ունի։ Երեխաների համար այն խորհրդանշում է խաղ և ուրախություն, մեծահասակների համար՝ մանկության հիշողություն։ Այն մոտ 6000 տարվա պատմություն ունի, և չնայած պարզությանը՝ կարողանում է հաղորդել խաղի կախարդանքը։

Zuck-ի աշխատանքների արդյունքում ստեղծվեց հայկական ավանդական հոլի թվային, եռաչափ տարբերակը։ Նեոնային լույսերի և հին հայկական զարդանախշերի շնորհիվ համատեղվել են ավանդականն ու ժամանակակիցը՝ միևնույն ժամանակ պահպանելով Մանկական Եվրատեսիլ մրցույթի ինքնությունը։

Հոլի զարգացումը և Zuck-ի աշխատանքը

Միջոցառման կարգախոսը նույնպես Zuck-ի աշխատանքն է՝ «Պտտի՛ր հրաշքը», որ ակնարկում է հոլի շարժումը, միջոցառման կախարդական էներգիան և մրցույթի գաղափարախոսությունը՝ պտտվել ամբողջ մոլորակով և կանգ առնել մի երկրում։

Գործակալությունն այնուհետև ադապտացրեց մրցույթի նոր ինքնությունը տոմսերի, բաժակների, շապիկների, գրենական պիտույքների և 50-ից ավելի այլ բրենդավորված իրերի համար։ Խորհրդաիշ հոլը տեղ գտավ մրցույթի բեմում և դարձավ պրոմո հոլովակի գլխավոր հերոսը։ Պրոմո հոլովակի սցենարը նույնպես Zuck-ինն է։ Այն հոլի շուրջ է հավաքում մի շարք լուսավոր պատանիների և, շրջելով քաղաքում պատանիների սիրած վայրերով՝ հայտնում մոտալուտ երաժշտական տոնի մասին։

Եվրատեսիլյան հոլն արդյունքում գրավեց ամբողջ քաղաքի ուշադրությունը (և գովազդային վահանակները)՝ իր հետ բերելով հրաշքի սպասումն ու ոգևորվածությունը։ Վերջին տարիների իրադարձություններից հետո այս տարվա Մանկական Եվրատեսիլը Հայաստանի համար խորը շունչ քաշելու և երաժշտության շուրջ միավորվելու հնարավորություն էր, իսկ մրցույթի 70-ամյա գաղափարն՝ ավելի արդիական, քան երբևէ։

Մրցույթը կայացավ դեկտեմբերի 11-ին՝ Մարզահամերգային Համալիրում, 16 երկրից պատվիրակների մասնակցությամբ։ Հայաստանը ներկայացրեց Նարե Ղազարյանը՝ DANCE! երգով, իսկ հաղթող ճանաչվեց Ֆրանսիան։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---