H1N1-ով վարակվելու դեպքում բարդություններ կարող են առաջանալ մեծահասակների, երեխաների, քրոնիկ հիվանդների, հղիների մոտ

H1N1-ով վարակվելու դեպքում բարդություններ կարող են առաջանալ մեծահասակների, երեխաների, քրոնիկ հիվանդների, հղիների մոտ

PanARMENIAN.Net - Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպի H1N1 ենթատեսակը («խոզի գրիպ»), անգամ արդեն մահվան 2 դեպք է գրանցվել՝ այս վիրուսով պայմանավորված։

«Խոզի գրիպի» ախտանշանները նման են գրիպի այլ տեսակների դրսևորումներին, սակայն, ըստ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի, այն առավել շատ խոցում է երեխաներին, գրում է «Առավոտը»։

H1N1-ի բնորոշ ախտանշաններն են՝ ջերմություն, բայց ոչ բոլոր դեպքերում, դող, հազ, կոկորդի ցավ, հարբուխ, քթի փակվածություն, արցունքոտվող, կարմրած աչքեր, մարմնի ցավ, գլխացավ, հոգնածություն, փորլուծություն, սրտխառնոց և փսխում։

Գրիպի ախտանշանները դրսևորվում են վիրուսի հետ շփումից հետո մոտավորապես 1-3 օրվա ընթացքում։

H1N1-ով հիվանդանալու դեպքում պետք է դիմել բժշկին, եթե կա հղիություն կամ առկա են քրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, թոքերի, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, դիաբետ և այլն, եթե պացիենտը 65-ից բարձր տարիք ունի, քանի որ այդ դեպքերում գրիպի բարդացման հավանականությունը մեծ է։

Երեխաների դեպքում անհետաձգելի բժշկական օգնության է պետք դիմել, եթե առկա են հետևյալ ախտանշանները՝ դժվարաշնչություն, կապտավուն շրթունքներ, ցավ կրծքավանդակի շրջանում, ջրազրկում, մկանային ուժեղ ցավեր, ցնցումներ։

H1N1-ի բարդացումները կարող են առաջացնել քրոնիկ հիվանդությունների սրում, թոքաբորբ, նյարդաբանական ախտանշաններ՝ գիտակցության խանգարումից մինչև ցնցումներ, շնչառական խանգարումներ և այլն։

Հակավիրուսային դեղամիջոցները պետք է ընդունել միմիայն բժշկի ցուցումով՝ վիրուսների դեղակայունության զարգացումը կանխելու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---