Պապիկյանը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում

Պապիկյանը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մարչին Վիդրայի գլխավորությամբ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:

Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դրա ընթացքում ամփոփվել է 2022թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---