Միջազգային ծրագրերի մասնակցող 16-30 տարեկանների ավիատոմսի ծախսը կփոխհատուցվի

Միջազգային ծրագրերի մասնակցող 16-30 տարեկանների ավիատոմսի ծախսը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Միջազգային ծրագրերի մասնակցող 16-30 տարեկան երիտասարդների ավիատոմսի ծախսը կփոխհատուցվի։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.

Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,

միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ, միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,

միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ, միջազգային ինտելեկտուալ մրցույթներ, միջազգային ստարտափ ծրագրեր:

2022 թվականին փոխհատուցում ստացել է 15 երիտասարդ՝ 3,773,930 (երեք միլիոն յոթ հարյուր յոթանասուներեք հազար ինը հարյուր երեսուն) ՀՀ դրամին համարժեք:

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու համար միջոցառման մասնակիցները պետք է դիմում ներկայացնեն նախարարություն՝ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---