Փաշինյան․ Իրավիճակը ԼՂ-ում ավելի է սրվել, նոր խնդիրներ կան

Փաշինյան․ Իրավիճակը ԼՂ-ում ավելի է սրվել, նոր խնդիրներ կան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով իրավիճակն Արցախում ավելի է սրվել, քանի որ էլեկտրաէներգիա մատակարարող գծի խափանման պատճառով նոր խնդիրներ են առաջացել, հովհարային անջատումներ են սկսվել։

Նա նշել է, որ ոչ լիարժեք սննդի պատճառով չեն գործում մանկապարտեզները, աշխատատեղեր են փակվում, ինչն ավելի է սրում սոցիալական վիճակը։

Փաշինյանն ընդգծել է, որ շրջափակումով Ադրբեջանը նպատակ ունի կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ ժողովրդի կամքը՝ հավելելով, որ այդ կամքն անկոտրում է։

Նա նաև ասել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և որ պետք է խուսափել քայլերից, որոնք ցանկալի են նման սցենարը մշակողների համար։

Խոսելով ՀՀ անելիքների մասին՝ վարչապետն ասել է, որ դիվանագիտական կառույցները պետք է կրկնապատկեն ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու միջազգային ատյաններում քննարկման առարկա դարձնելու ջանքերը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---