ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Ադրբեջանի նպատակն է հայերի բռնի տեղահանումը

ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Ադրբեջանի նպատակն է հայերի բռնի տեղահանումը

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ անդամների և ներկաների ուշադրությունն է հրավիրել ավելի քան 30 օր շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակման վրա` շեշտելով, որ, Լաչինի միջանցքը փակ պահելով, Ադրբեջանն այժմ նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն, հայտնում է Արմենպրեսը։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշատակել է հարևան երկրի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ծրագրերը և հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը։

Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---