Հայ բարեգործական ընդհանուր միությունը փակել է «Մելքոնյան» հաստատությունը Նիկոսիայում

PanARMENIAN.Net - Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությունը փակել է Նիկոսիայում գտնվող «Մելքոնյան» կրթական հաստատությունը` այդպիսով զրկելով տարբեր երկրների հայ երիտասարդների սերնդներին իրենց սեփական լեզվով իրենց ժառանգությունը ճանաչելու իրավունքից: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած նախաձեռնող խմբի նամակում, որը դեմ է դպրոցի փակմանը:



Նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել դպրոցի աշխատանքը վերականգնելու նպատակով: Նամակում , մասնավորապես, ասվում է, որ դպրոցը կարեւոր դեր է կատարել վերջին 80 տարիներին հայ լեզվի, մշակույթի եւ պատմության եւ հայ ինքնության պահպանման գործում:



«Խնդրում ենք, որ հարգվեն հաստատության հիմնադիր ու բարերար Կարապետ Մելքոնյանի ձգտումները։ Խնդրում ենք նաեւ, որ այս տարածքը մնա պատմամշակութային ազգային ժառանգության վայր՝ ինչպես հայտարարված է Կիպրոսի Հանրապետության անձեռնմխելիության հրամանագրով։ Խնդրում ենք, որ պաշտպանեք աշխարհասփյուռ հայերի մշակույթն ու ինքնությունը՝ երաշխավորելով, որ վերաբացվի կրթության այս մեծ կենտրոնը եւ հնարավորություն տրվի, որ այն ծաղկի ու բարգավաճի եւ իրենով ամենուրեք բարգավաճեն հայորդիների ապագա սերունդները»,-ասվում է հայտարարության մեջ։



Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1926թ. Կիպրոսում որպես մանկատուն եւ ապաստան է տրամադրել Հայոց ցեղասպանության հազարավոր զոհերին: Դպրոցի պատմական շենքը գտնվում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության տակ որպես ազգային արժեք: Որբերի տնկած ծառերը մարմնավորում են ողջ աշխարհով սփռված հայկական համայնքները, ուստի Կիպրոսի Հանրապետությունը պաշտպանում է այն որպես պատմական վայր եւ վերապրելու ու հույսի խորհրդանիշ: Մելքոնյան դպրոցի հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են դարձել տարբեր ոլորտներում եւ իրենց ավանդն են ներդնում մշակույթի, կրթության, գիտության, լեզվի ու ազգային ինքնության ոլորտներում: «Մելքոնյան» դպրոցը հազարավոր ուսանողներ եւ ուսուցիչներ է տվել, որոնք այժմ բարի կամքի դեսպաններ են եւ նպաստում են Կիպրոսի ժողովրդի օրինական պայքարին այս ձգձգված խնդրի արդարացի լուծման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---