Օհանյան․ Խաղաղ պայմաններում այդպիսի կորուստներն անընդունելի են

Օհանյան․ Խաղաղ պայմաններում այդպիսի կորուստներն անընդունելի են

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հրդեհից զինծառայողների ողբերգական մահվանն, ասել է, որ դեպքի պատասխանատուները, ընդ որում նաև բարձրաստիճան պաշտոնյաները, պետք է պատասխան տան։

«Ցավալի դեպք է, որովհետև եթե մենք ունենում ենք կորուստներ և զոհեր մարտական գործողությունների ժամանակ, դա որևիցե կերպ ընկալելի է և գտնում ենք, որ առանց անձնազոհության և առանց հերոսների չի կարելի պաշտպանել հայրենիքը, ապա ոչ մարտական գործողությունների արդյունքում, խաղաղ պայմաններում այդպիսի կորուստներ ունենալը մեր ժողովրդի համար անընդունելի է»,- ասել է նա, գրում է Yerkir.am-ը։

Նա նաև նշել է, որ այս ամենի պատճառը ոչ միայն արտաքին սպառնալիքներն են, այլ նաև գոյություն ունեցող ներքին ամենակարևոր սպառնալիքը դա ՀՀ իշխանությունների իրավիճակին, ռազմաքաղաքական իրադրությանը ոչ ադեկվատ որոշումներ ընդունելն է։

«Կարծում եմ 2022 թվականին ընդդիմության կողմից նախաձեռնած «Դիմադրություն» շարժումը որոշ չափով ապահովել է պայքարի ոգին, գեներացրել է մարդկանց պատրաստակամությունը պայքարելու և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար, նաև զսպել է որոշակի գործողություններ, որոնք այս իշխանությունները կիրականացնեին։ Ամենավերջին ցավալի խնդիրը, որը բավականին լուրջ ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա՝ դա Արցախի շրջափակումն է, Լաչինի միջանցքի փակումը։ Դրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ևս մեկ օղակ սեղմել մեր շուրջը գոյություն ունեցող տարբեր մարտահրավերներին, ամենակարևոր խնդիրը դա Արցախի ժողովրդի հայաթափումն է՝ զրկելն է իր իսկ պատմական տարածքում ապրելու»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ 2023 թվականը բավականին բարդ տարի է լինելու և եթե ՀՀ իշխանությունները ոչ ադեկվատ որոշումներ ընդունեն, ապա ավելի բարդ է լինելու իրավիճակը։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 7 անձ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը սպա է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---