Քերոբյան. Մարդիկ միջինում սկսել են ավելի լավ ապրել, գործազրկությունն էլ նվազել է

Քերոբյան. Մարդիկ միջինում սկսել են ավելի լավ ապրել, գործազրկությունն էլ նվազել է

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երկրում առկա աղքատությանը, ասել է, որ մարդիկ միջինում սկսել են ավելի լավ ապրել, քան 1 տարի առաջ։ Նա ընդգծել է, որ, հաշվի առնելով այն ներառականությունը, որը կա տնտեսական աճի մեջ, կարելի է ասել, որ մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում։

«Ես էլ տաքսի եմ նստում, վարորդն ասում է. «Ե՞րբ լավ կլինի»։ Հարցնում եմ` 1 տարի առաջ ու հիմա եղած եկամտում տարբերություն չկա՞, ասում է կա` ավելացել է։ Այս պարագայում չեմ հասկանում, թե ինչից են դժգոհում»,– ասել է էկոնոմիկայի նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարը հավելել է, որ Հայաստանում գործազրկությունը երկու տարում նվազել է՝ 18.6 տոկոսից 2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով հասնելով 11.6 տոկոսի։

«Չորրորդ եռամսյակի տվյալներով գուցե գործազրկության այդ երկնիշ ցուցանիշն այլևս չլինի»,– ասել է Քերոբյանը։

Անդրադառնալով այն նկատառմանը, որ վերջին երկու տարում ոչ մի գործարան չի բացվել, նոր արտադրություններ չեն ստեղծվել, այդ ինչպես է գործազրկությունը նվազել՝ նախարարը շեշտել է, որ բազմաթիվ ընկերություններ են բացվել։

Նա ընդգծել է, որ մոտավորապես 37,000 իրավաբանական անձ է ստեղծվել, որից 12,000–ը ՍՊԸ կամ ՓԲԸ է։ Քերոբյանի պնդմամբ` այդ ընկերությունների մեծ մասի շրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել։

«Առաջին անգամ Հայաստանը 3 երկրի հետ ունի 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն։ Սովորաբար դրանք միայն Ռուսաստանն ու Չինաստանն էին, այժմ Արաբական Միացյալ Էմիրություններն էլ են այդ ցուցակում։ Եվս 4 երկրի հետ` Գերմանիայի, Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, մեր առևտուրը 500 մլն–ից ավելի է»,– նշել է Քերոբյանը։

Նա շեշտել է, որ Հայաստանում 704,000 աշխատատեղ կա, ինչը 45,000–ով ավելի է, քան 1 տարի առաջ, իսկ տարեկան միջին աշխատավարձը 252,000 է, ինչը մոտ 19 տոկոսով ավելին է, քան 1 տարի առաջ։

Ըստ ԿԲ կանխատեսումների, տարվա ընթացքում արձանագրվելու է 4.6 % տնտեսական աճ՝ հիմնականում ծառայությունների ոլորտի աճի հետ կապված:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---