ՔՏՀԱ մարմին․ «Մալաթիայում» խնդիրների լուծումից հետո միայն կքննարկվի գործունեության արգելքի վերացումը

ՔՏՀԱ մարմին․ «Մալաթիայում» խնդիրների լուծումից հետո միայն կքննարկվի գործունեության արգելքի վերացումը

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ տոնավաճառի գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը կքննարկվի միայն տոնավաճառի սեփականատիրոջ կողմից արձանագրված խնդիրների լուծման հստակ միջոցառումներ իրականացնելուց հետո։

ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «Ռաֆայել-Տաթեվ» ՍՊ ընկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցը։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ փետրվարի 1-ից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Տնօրինությանը ներկայացվել է նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացվեն մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։

Ընկերության տնօրենը հայտնել է, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշել է, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։

«Մալաթիա» տոնավաճառի դարպասները փետրվարի 1-ից փակ են` Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է կասեցնել տոնավաճառի գործունեությունը։ Առևտրականները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջում են ժամանակ տալ, որպեսզի իրենց տնօրենը առկա 5 խախտումը վերացնի: Տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---