2 փետրվարի 2023 - 11:35 AMT
Քյարամյան․ Պետք է բացահայտվեն այն անձինք, որոնք դարձել են պարտության պատճառ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոլեգիայի ընդլայնված նիստում, անդրադառնալով 2020թ. արցախյան պատերազմին վերաբերող քրեական վարույթներով քննությանը, ասել է, որ քննիչների կատարած աշխատանքի արդյուքնում վերջիվերջո պետք է բացահայտվեն այն հանգամանքները, ինչի արդյունքում պարտվել ենք։

«Դա կարևոր է ոչ միայն պետության, կառավարության համար, դա կարևոր է նաև պատմության, ազգի, ժողորվրդի համար, որպեսզի պարզվեն այն անձինք, որոնք դարձել են պարտության պատճառ»,-ասել է նա՝ հավելելով, որ կա հասարակական մեծ պահանջ, «շատ մեծ պահանջ»։

Կոլեգիայի ընդլայնված նիստում արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է 6510 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 2112-ի կամ 32․4 %-ի նախաքննությունը: Ավարտված վարույթներից 544-ը` 586 անձի նկատմամբ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, ինչը 58․3%-ով ավելի է 2021թ. համեմատությամբ:

ՀՀ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներում շարունակում են գերակշռել 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր ռազմական ոտնձգություններին, դրանց ընթացքում նաև ՀՀ զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններին առնչվող վարույթները։

ՀՀ ՔԿ նախագահը նշել է այս վարույթներով բծախնդիր քննություն իրականացնելու, բավարար ապացուցողական հենք ունեցող և ավարտական փուլում գտնվող վարույթներով վերջնական իրավական գնահատականներ տալու գործընթացի արագացման խիստ անհրաժեշտությունը։ Վերջինս ունի ոչ միայն զուտ դատավարական, այլ նաև պատմական նշանակություն՝ մի կողմից Ադրբեջանի գործողություններին հստակ քրեաիրավական գնահատականներ տալու, մյուս կողմից հայկական զինված ուժերում նախկին սխալների կրկնությունը բացառելու, ռազմական ձախողումների պատճառահետևանքային կապերը պարզելու և պատասխանատուների քրեական պատասխանատվության հարցը լուծելու առումով։

Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և վերլուծվել են նաև քրեադատավարական պրակտիկայի բարելավման, Քննչական կոմիտեում ծառայության գրավչությունը բարձրացնելու, հայտնաբերված կարգապահական և դատավարական խախտումները նվազեցնելու նպատակով ՀՀ ՔԿ-ում իրականացված նախաձեռնությունների արդյունքները, ինչպես նաև այլ խնդիրներ։

ՀՀ ՔԿ նախագահը, ըստ ոլորտների, տվել է աշխատանքների արտադրողականությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ այլ հանձնարարություններ։