Փաշինյան․ Սիրելի արցախցիներ, հանուն հայրենիքում ապրելու եղեք ամուր և անկոտրում20 փետրվարի 2023 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ՝ հորդորելով արցախցիներին լինել ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու։ «35 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: 1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը Հայոց պատմության մեջ կմնան որպես ազգային զարթոնքի, միասնության ու ազատագրական պայքարի խորհրդանիշ: Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը: Ղարաբաղյան շարժումն արցախցիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն ու կամքն արտահայտելու համար էր: 35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Այսօր էլ մեր հայրենակիցները գտնվելով շրջափակման մեջ՝ ստիպված են իրենց իրավունքների ու անվտանգության պաշտպանության կամքն արտահայտել: Ինչպես բազմիցս եմ նշել՝ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը, սակայն, համոզված եմ, անկոտրում է ու անսասան: Հարգելի հայրենակիցներ, Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ, քանի որ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը: Միաժամանակ, մենք շարունակելու ենք արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված մեր հետևողական քայլերը: Այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք ու այդ աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան: Սիրելի արցախցիներ, եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու: Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման, մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները: Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ: 2023-ի փետրվարի 20-ին հայությունը նշում է Ղարաբաղյն շարժման 35-ամյակը։ 1988-ի փետրվարին, պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |