Հրդեհից զոհված զինվորների ծնողները 1 շաբաթ են տվել կառավարությանը

Հրդեհից զոհված զինվորների ծնողները 1 շաբաթ են տվել կառավարությանը

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատները փետրվարի 20-ի վաղ առավոտյան նախ հավաքվել էին Պաշտպանության նախարարության, ապա՝ կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հետո նրանք մտել էին գործադիր մարմնի շենք։

Կառավարության շենքից դուրս գալուց հետո նրանք հայտարարել են, որ մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը, որպեսզի հանդիպում կազմակերպեն Փաշինյանի և Պապիկյանի հետ, գրում է Sputnik Արմենիան։

Ցուցարարները հավելել են, որ եթե մեկ շաբաթում հանդիպում չկազմակերպվի, իրենք կդիմեն այլ գործողությունների։

«Մի ամիս անցել է, ոչ մի նորմալ հետաքննություն չկա։ Գոնե գային, մեզ հետ խոսեին մարդավարի, բացատրեին` ինչը ինչ է, մենք այսքան չէինք բորբոքվի ու այստեղ չէինք գա»,– ասել է զոհված զինծառայողների հարազատներից մեկը։

Նրանք պնդում են, որ հարցաքննված զինծառայողների ցուցմունքները չեն համընկնում, հենց դրա համար էլ կարծում են, որ վարույթ իրականացնող մարմինն ինչ–որ բան թաքցնում է։

Բացի այդ, կասկածներ ունեն նաև զինվորների զոհվելուց անմիջապես հետո արված ԴՆԹ հետազոտությունների ճշգրտության վերաբերյալ։

«Ինչպե՞ս կարող էին այդքան կարճ ժամանակում որոշել, թե ով ում երեխան է։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք արտաշիրիմում անել ու արտերկրում կրկին ԴՆԹ հետազոտություն անել», - ասել է զինվորներից մեկի պապը։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---