22 փետրվարի 2023 - 12:42 AMT
ԱԱԾ․ Կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարողներից մեկը

Հայտնաբերվել և կալանավորվել է 2020-ին ԱԳ նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը։ ԱԱԾ-ում շարունակվում է 2020-ի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Նշվում է, որ Թ․ Ա․-ն, նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ տեղեկանալով, որ ՀՀ կառավարության, ԱԺ վարչական շենքերի և ՀՀ վարչապետի կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկ։ Տեսնելով, որ մեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը, միացել է զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Միրզոյանին և վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ, այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին։ Այդ գործողությունների արդյունքում վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը:

Թ․ Ա․-ի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների միջամտության արդյունքում վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն։

Թ․ Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։