Միրզոյանը տարածաշրջանի անվտանգային հարցերը քննարկել է ԱՄԷ պետնախարարի հետ

Միրզոյանը տարածաշրջանի անվտանգային հարցերը քննարկել է ԱՄԷ պետնախարարի հետ

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել առանց նախապայմաների միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծվել է ՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կյանքի կոչումը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթների արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականցման հնարավորությունները:

Միջազգային հարթակներում փոխգործակցության համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին՝ դրանք համարելով անթույլատրելի և հույս հայտնելով, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձի։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---