Վարչապետ․ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է

Վարչապետ․ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է և պետք է կատարի այդ դերակատարումը

«Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը հայտնի հանգամանքների բերումով չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետևաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր ԼՂ անվտանգությունը»,- ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ համաձայն եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որով նախագահին թույլ է տրվել զորքեր ուղարկել ԼՂ, արձանագրվել է, որ ԼՂ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, հայտնում է Aysor.am-ը։

«Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ որ Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Հետևաբար, այս բոլոր փաստարկները ի մի բերելով, պետք է արձանագրել, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ՝ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։ Մյուս կողմից՝ ԼՂ-ում կա պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ: Էլի ուզում եմ ասել, որ ՀՀ-ն բանակ չունի ԼՂ-ում», - հայտարարել է Փաշինյանը։

Նա ասել է, թե Ադրբեջանը փորձում է հիմնավորել, որ ԼՂ ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա։

«Եթե էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ չլինի ԼՂ հայության համար, ապա այս նեղ վիճակում առնվազն այդ մասշտաբով բանակ պահելու կարիք ԼՂ-ն չի ունենա: ԼՂ ՊԲ-ի գոյությունն ամենամեծ ապացույցն է ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունների», - հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվել։

«Դա ստեղծվել է նաև ՌԴ նախագահի հրամանագրով, ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ, և, այո՛, Ռուսաստանի Դաշնությունն է ստանձնել ԼՂ անվտանգության երաշխավորի դերակատարումը և պետք է կատարի այդ դերակատարումը», - ասել է վարչապետը։

2020-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ լայնամասշտաբ, պլանավորված հարձակում Արցախի Հանրապետության վրա: 44-օր անց՝ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ. նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի սահմանները պահպանում են ռուս խաղաղապահները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---