ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան

ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Կիրանցում ընթացող բողոքի ակցիաներին զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ տեսանյութին, հայտարարել է, որ Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան։

«Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը տեսանյութ էր հրապարակել Կիրանցի բողոքի ակցիաներին պայմանագրային զինծառայողների միանալու մասին։ Խոսքը մոտ 20 զինծառայողի մասին է։ Հավաքվածները նրանց ծափահարություններով են դիմավորել։

«Պայմանագրային զինծառայողներ միանում եմ մեր պայքարին»,–ասվում է գրառման մեջ։

Բողոքի ակցիաները Տավուշում, մասնավորապես Կիրանցի հատվածում, շարունակվում են արդեն 8 օր։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---