Եղանակը կցրտի. ՀՀ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ

Եղանակը կցրտի. ՀՀ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ

PanARMENIAN.Net - Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին ՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ին ծովի մակերևույթից հաշված 1200մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարտի 29-ին, 30-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ։

Ընթացիկ գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին` ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։

Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում ապրիլի լույս 1-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2․․․-13 աստիճան, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ -14․․․-17։

Մարտի 31-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +4 աստիճան, ապրիլի լույսի 1-ի գիշերը՝ -1․․․-3 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---