«Սուրմալու» տոնավաճառը կվերաբացվի

«Սուրմալու» տոնավաճառը կվերաբացվի

PanARMENIAN.Net - «Սուրմալու» տոնավաճառը մարտի 30-ից կրկին կգործի։ ՔՏՀԱ տեսչական մարմինը տոնավաճառի գործունեությունը թույլատրելու մասին որոշում է կայացրել։

Նշվում է, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023-ի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։

Ուստի, առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։

Միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Մարտի 16-ին տեսչական մարմնի որոշմամբ, ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը: Հրդեհատեխնիկական հետազոտություն էր իրականացվել տոնավաճառում և պարզվել է, որ տոնավաճառի շենք-շինությունները «շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»։

2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել է 16, տուժել՝ ավելի քան 60 մարդ։ «Սուրմալուում» 2022-ի օգոստոսին պայթյունի և հրդեհի առնչությամբ քրվարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---