15 ապրիլի 2023 - 14:13 AMT
Գործարկվել է ավտոբուսի թիվ 1 երթուղին, վերականգնվել է 58-ի ակտիվ երթևեկությունը

Ապրիլի 15-ից Երևանում գործում ավտոբուսի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև վերականգնվել է 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Օրը սկսենք հաճելի նորությամբ՝ Երևանի բնակիչների համար. 2 նոր երթուղի 1 օրում»,-նշել է Ավինյանը։

1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով, իսկ 58 համարի ավտոբուսի երթուղին Ավանը կապում է Էրեբունու հետ։

Ապրիլի 5-ին հայտարարվել էր, որ նոր ներկրված 200-ից ավելի ավտոբուս արդեն ապրիլին կսկսվի շահագործվել։ Նշվել էր, որ ապրիլի 15-ից արդեն առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը։

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրեց նոր ներկրված՝ 150 հատ 8.6 մետրանոց և 87 հատ 12 մետրանոց չինական նոր ավտոբուսներ։ Ավագանու այս որոշումն ընդունվել է ապրիլի 4-ի արտահերթ նիստում: