Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. Հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում

Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. Հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասել է, որ հայրական հորդոր է ուղղել նրան, որը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում:

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ»,–ասել է Գարեգին Բ–ն, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` մտահոգիչ է ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին: Գարեգին Բ–ն նշել է, որ այդ իմաստով մեծ աշխատանք կա կատարելու. մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող են լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով:

44-օրյա պատերազմից հետո 2020-ի դեկտեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձ էր հղել հայտնելով, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։ Նրա խոսքով` թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորել է հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---