21 ապրիլի 2023 - 12:26 AMT
Հրդեհից զոհված զինծառայողների ծնողները փակել են Հրապարակին հարակից փողոցները

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի ծնողները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, հայտնում է Aysor.am-ը։

«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ», - կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Հաշվի առնելով այս գործի նկատմամբ հասարակական հնչեղությունը, սկսում է վիրավորական դառնալ, որ ՀՀ գործող իշխանությունը, կառավարությունը՝ վարչապետի և պաշտպանության նախարարի մակարդակով հրաժարվում են հանդիպել ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես՝ իրենց կյանքը հայրենիքի համար զոհած զինծառայողների ծնողներին։ Սա խոսում է պետություն-հասարակություն-իշխանություն-զինվորի ծնող հարաբերություններում տեղի ունեցող ճգնաժամի մասին», - ասել է Նորիկյանը։

Ավելի վաղ փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել էր, որ Փաշինյանն ու Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել։ Ավելի վաղ ծնողները իրենց դժգոհությունն էին հայտնել գործի քննության ընթացքից ու որպես բողոքի նշան՝ փակել էին նաև Երևան-Սևան մայրուղին։