Պատմության ու նորարարության խաչմերուկում. «Սեբեոս» կոկտեյլ բարը՝ նոր մշակույթ երևանյան ժամանցային կյանքում![]() 28 ապրիլի 2023 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Երևանում նոր կոկտեյլ բար և ռեստորան է բացվել։ Ու թեև այդ կոնցեպտով արդեն դժվար է որևէ մեկի զարմացնել, Թումանյան 23 հասցեում բացված «Սեբեոսը» վստահաբար կարելի է նորություն համարել, և որքան էլ պարադոքսալ չհնչի՝ նորությունն այստեղ պատմության մեջ է։ PanARMENIAN.Net ը պատմում է նոր ձևաչափի, առանձնահատկությունների և հին ու նոր «Սեբեոսի» մասին։ Հասկանալու համար՝ ինչի մասին է խոսքը, փոքրիկ պատմական ակնարկով տեղափոխվենք հեռավոր անցյալ, իսկ ավելի ճիշտ՝ 6-7 դարեր, երբ «Սեբեոսը» ոչ թե կոկտեյլ բար էր, այլ՝ պատմիչ և եպիսկոպոս։ Ո՞վ է Սեբեոսը. պատմական ակնարկ Սեբեոս եպիսկոպոս Բագրատունին գրել է հիմնականում 6-7-րդ դարերի պատմությունը՝ այն հասցնելով մինչև 661 թվականը։ Սեբեոսն ակտիվ գործունեություն է ծավալել՝ մասնակցել է 645 թվականի Դվինի եկեղեցական ժողովին, ճանապարհորդել Միջագետքով, անդրադարձել Հայաստանի և տարածաշրջանի պատմությանը, խոսել է նաև դավադրությունների մասին (էլ ի՞նչ պատմություն առանց դրա), գրել է պատմություն հունական կայսր Հերակլի գահակալության ժամանակների մասին («Պատմություն Հերակլի», որը, ենթադրվում է, որ գրել է 70 տարեկանում)։ Ի դեպ, այդ պատմությունը երկար ժամանակ կորած է համարվել. երկի բնօրինակը գտնվել է միայն 19-րդ դարի սկզբերին՝ Էջմիածնի մատենադարանի ձեռագրերում։ Իր պատմության մեջ Սեբեոսը առաջինն է հիշատակել Արցախի Տիգրանակերտ քաղաքը։ Նշանակալին այն է, որ Սեբեոսի պատմության մեջ նկարագրված են մի շարք կարևոր համաշխարհային իրադարձություններ, որոնք ընդգրկված չեն պարսկական, հունական, լատինական, ասորական, արաբական կամ այլ ազգերի պատմագրական աշխատություններում, ինչը թույլ է տվել այդ ժամանակաշրջանի իրադարձությունների պատկերը ստանալ հենց Սեբեոսի աչքերով։ Ինչու՞ Սեբեոս Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ կարող է ունենալ պատմիչը ժամանակակից կոկտեյլ բարի և ռեստորանի հետ։ Վստահաբար, Սեբեոսը հայտնի չի եղել մոխիտոյի կամ նեգրոնիի հանդեպ տածած սիրով։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառն անվան այդպիսի ընտրության համար։ Կոկտեյլ բարի հիմնադիր Կարպիս Խորոզյանի խոսքով՝ անվան ընտրությունը ոչ միայն տուրք է մեր պատմությանը և ձգտում՝ վերհանելու իր ժամանակների համար այդքան արժեքավոր, բայց մեր օրերում քիչ ճանաչելի այդ պատմական կերպարին, այլև՝ լավ հնարավորություն վերադառնալու արմատներին, օգտագործելու հայկականն ու կամուրջ ստեղծելու պատմության և նորարարության միջև։ Սեբեոսի անցած ուղին արտացոլված է համանուն վայրի բարում և ճաշացանկում. հեղինակային կոկտեյլներն արտացոլում են ինչպես Միջագետքի, այնպես էլ տեղի ուտեստների խոտաբույսերի ու մթերքների հիմքով համերը (անթառամ, լորենի, չիչխան, դդում, ճակնդեղ և այլն): Իսկ ֆյուժն խոհանոցի սառը և տաք ուտեստները, որոնց մեջ ևս ներառված են տեղական բաղադրիչներ, այդ թվում՝ արցախյան համեր ու տեղական մթերքներ (իշխան, ավելուկ, չորաթան, եղինջ և այլն), ներդաշնակորեն համադրվում են ալկոհոլային խմիչքների հետ։ «Մենք կարևորում ենք կապը մեր արմատների հետ, բայց միաժամանակ համարում ենք, որ պատմականը կարող է երկրորդ շունչ ստանալ, վերածնվել՝ ժամանակի հետ համընթաց քայլելով ու համապատասխանելով նոր ռիթմերին։ Թե՛ մեր հեղինակային կոկտեյլների, թե՛ յուրահատուկ ուտեստների մեջ կարելի է հանդիպել չկրկնվող համային համադրություններ հայկական բնաշխարհում ստեղծված մթերքներից, որոնք շատ քիչ են օգտագործվում կամ գրեթե անտեսված են ժամանակակից հայկական խոհանոցում, հետևաբար՝ հատուկ չեն արդի կոկտեյլ բարերի համար, սակայն հնարավորություն են տալիս փորձելու լրիվ նոր համեր՝ ճանաչելի դարձնելով անցյալը», - պատմում է Խորոզյանը։ «Ընտանեկան» կոկտեյլ բար Սեբեոսի սկզբունքները հաճախորդակենտրոն են, ավելի ճիշտ՝ մարդակենտրոն, քանի որ հատկապես կարևորվում է հյուրերի գոհունակությունը, նրանց համար բնական միջավայրի ապահովումը: Ամբողջ կոնցեպտը հիմնված է մարդու կերպարն արժևորելու վրա։ Ամեն բան ստեղծվում և կենտրոնանում է մարդու շուրջ, ինչը սկսվում է հենց աշխատակիցներից, չէ՞ որ միայն գնահատված ու գոհ աշխատակիցը կարող է միշտ ժպիտով ու հաճույքով դիմավորել և ճանապարհել հյուրերին։ «Մենք նպատակ ունենք առանձնահատուկ դարձնել յուրաքանչյուր միջոցառում նրբագեղությամբ, հյուրասիրությամբ և արհեստավարժությամբ։ Փորձում ենք շարունակաբար կատարելագործվել և առաջարկել յուրահատուկ փորձ՝ միշտ ժպիտով։ Մեր աշխատելաոճն ու մոտիվացիան մանրամասների մեջ խորանալու և մանրամասն սիրելու մեջ է։ Լավ կոկտեյլ պատրաստելը, սննդի հետ ճիշտ համադրելն ու վայելուչ մատուցելը սիրո իսկական ժեստ է։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կոկտեյլ ունի իր բաժակը, և յուրաքանչյուր հաճախորդ ունի իր կոկտեյլը», - կիսվում է «Սեբեոսի» արժեքներով Կարպիս Խորոզյանը։
Նրա խոսքով՝ «Սեբեոսն» առաջինն է հայկական հյուրընկալության շուկայում, որ դիրքավորվում է որպես ընտանեկան կոկտեյլ բար։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ այդտեղ կարող եք գնալ երեխաների հետ. անչափահասների մուտքը խստիվ արգելված է։ «Մեզ մոտ ընդունված է համարել, որ կոկտեյլ բարերը միայն երիտասարդների համար են, որպեսզի ուրբաթ երեկոյան ընկերներով հավաքվեն, գնան խմելու, լուսանկարվեն, ուրախանան, երաժշտություն լսեն և այլն։ Մենք ուզում ենք կոտրել այդ կարծրատիպը։ Մեզ մոտ կարելի է գալ ամեն օր և ոչ միայն ընկերներով, երիտասարդներով, այլև ծնողների, մեծահասակների հետ, ուրախ ժամանակ անցկացնել, ծանոթացնել նրանց կոկտեյլային մշակույթին, միասին նորը համտեսել։ Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեծահասակներն իրենք սկսեն ավելի ակտիվ հաճախել այսպիսի վայրեր, չէ որ երիտասարդությունից հետո կյանքը չի վերջանում, և կարելի է ցանկացած տարիքում գեղեցիկ ապրել, բացահայտել նորը, զվարճանալ», - ասում է Խորոզյանը՝ հավելելով, որ «Սեբեոսում» հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք և այն հարմար է բոլոր տարիքի այցելուների համար։ «Խորոզյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն կազմավորվել է 2014 թվականին։ Հիմնադիր-տնօրենն է Կարպիս Խորոզյանը։ Նորաբաց «Սեբեոս» կոկտեյլ բար և ռեստորանից բացի, կազմակերպությունը Կարպիս Խորոզյանը Հայաստանում հիմնադրել է հանրահայտ «Քարահունջ» ռեստորանները. 2015 թվականին՝ Ստեփանավանում, իսկ 2017 թվականին՝ Դիլիջանում։ «Քարահունջ» ռեստորաններին զուգահեռ Ամրակից համայնքում գործում է Carahunge Village Home (Քարահունջ գյուղի տուն) հյուրատունը։ ![]() ![]() ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |